Առասպելաբանությամբ կնքված այս պատմությունն այսօր մի նոր լույսի ներքո է ներկայանում մեզ, երբ գիտակցում ենք, որ մարդու թույլ տեղը կարող է ներկայանալ որպես նրա ուժեղ, հզոր, նույնիսկ, անպարտելի կողմ այն դեպքում, երբ այն դիտվում է նյութից վեր գտնվող բարոյահոգեբանական տիրույթներում:
Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար բերեմ հայ ժողովրդի իսկական բարեկամ, նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի օրինակը: Վերջինս իր ժամանակի համար նշանավոր գիտնական էր, հայտնի բևեռախույզ, արհեստավարժ դիվանագետ, և այդ ամենին նա հասել էր իր ուժեղ կողմերի՝ պրպտող բնավորության, աննահանջ կամքի, ազատասիրության, մտավոր ու ֆիզիկական լայն հնարավորությունների, մի խոսքով, ռեալ իրականության մեջ փոփոխությունների տանող իր ուժեղ կողմերի շնորհիվ: Սակայն Ֆրիտյոֆ Նանսենը մի թույլ կողմ ուներ՝ մարդասիրությունը, որը, բնականաբար, ենթագիտակցական ու ներաշխարհային ծալքերում գտնվող հոգեբարոյական գոյաձև էր: Իսկ թույլ էր մի դաշտում, որտեղ աշխարհը գայլային օրենքներով բաժանելու մարմաջն էր տիրապետողը, թույլ էր, որովհետև ոչ միայն ընդհանրություններ չուներ, այլև խոցելի էր նույն աշխարհը փտախտի մեջ ներքաշողների կողմից: Այնուամենայնիվ, նա կարողացավ միջավայրից վեր բարձրացնել իր այդ թույլ կողմը, արևի ու լույսի երես հանեց այն, մղեց դեպի քաղաքականության սանդղակ, որտեղ կարողանար գործել անխոցելի տիրույթներում:
Այսպես, մարդասիրությունը մշտապես խոցելի է եղել ողջ մարդկության պատմության ընթացքում, որովհետև, ինչպես և Պողոս Գուբելյանի վեպում է՝ փտախտ կոչվածը, այսինքն՝ բռնությունը, անօրինականությունը, շահագործումը, կաշառակերությունը և անմարդկային նման երևույթները, ոչ ժամանակ են ճանաչում, ոչ էլ հայրենիք, ու մշտապես թույլ տեղեր փնտրելով՝ խոցողի դիրքերում են հայտնվում: Ինչպե՞ս խուսանավել այդ գարշելի երևույթներից, հրաժարվել փտախտ կոչվող անմարդկային պահվածքներից կամ շրջանցել, որպեսզի չդառնաս նրա մի մասնիկը:
Իր թույլ տեղի գիտակցումով էր գործում Պողոս Գուբելյանի «Փտախտ» վեպի հերոս Վազգենը, որի կերպարը հեղինակը կերտել է սեփական կենսագրության հիման վրա: Ինչպես տեսնում ենք վեպում, Վազգենը ոչ թե գայլային օրենքներով աշխատող միջավայրում ներկա էր զուտ մարդասիրության պարզ ու պասիվ գիտակցմամբ, այլև նույն այդ մարդասիրությունն ու մարդու ազատագրումը փտախտից դրել էր իր գործողությունների կենտրոնում և գործում էր ռեալ այդ իրականության մեջ:
Վեպն ինքնակենսագրական է այն իմաստով, որ հեղինակն ինքը, ապրելով և գործելով աֆրիկյան երկրում, վեպում այն ներկայացրել է Կերա Լեմոն հորինված անունով: «Գաղութատիրութիւնը իր բոլոր լծակներով ներկայութիւն էր երկրին մէջ, առանց սակայն, իր ուսերուն վրայ կրելու հետզհետէ տարրալուծուող կառոյցներու նախկին հոգատարութիւնը: ...Կացութիւնը դեռ շատ աւելի պիտի վատթարանար... նորանկախ երկրին հարցերը այնքան խորն էին, բազմաշերտ ու թնճկալի»: Ահա հենց այս միջավայրն է բացվում գրողի գրչի տակ՝ ընթերցողին ներկայացնելով քաղցի, անօրինության, անբարո իրավիճակների, պաշտոնյաների կամայականությունների իրավիճակներ և նրանց մեջ ապրող հայազգի մի անձնավորության, որի երակներում հոսող արյունը գենետիկորեն այլ բաղադրություն ուներ:
Վազգենը Կերա Լեմոն էր տեղափոխվել Լիբանանից, որտեղ սկսված քաղաքացիական պատերազմը, ինչպես ինքն է ասում, ճակատագրական էր եղել իր համար: Նա տեղացիներին փտախտից փրկելու, զուտ մարդասիրական գործունեություն ծավալելու ծրագրով չէր տեղափոխվել աֆրիկյան հետամնաց երկիր: Այն, ինչ անում էր այնտեղ կամ ձգտում էր անել բնիկների կյանքը բարելավելու, օգտակար լինելու, արդարադատության վրա ուշադրություն հրավիրելու և այլնի համար, այդ ամենը, պարզապես, մարդասիրություն էր, որը նրա հայկականության մեջ էր: «Ինչու՞ Արաբական թերակղզին չընտրեցիր, ուր սեւ ոսկին պատմութեան մէջ չտեսնուած չափանիշերով բարգաւաճում բերած էր, փոխանակ այս աղքատ ու յետամնաց ցամաքամասը խիզախելու» հարցին Վազգենի պատասխանը վեպում բացում է նրա ոչ միայն էությունը, այլև լույս է սփռում «քարէ դար բուրող, փոշեթաթախ մալարիայի այդ բույնի» մեջ իր գործելակերպի վրա: Դեռ Լիբանանում նա ստիպված կիսատ էր թողել ուսումը, վարպետացել մեքենաշինության գործում ու արդեն կարող էր իր գործն սկսել, բայց «չնչին ռոճիկի մը դիմաց գրաստի պէս կ’աշխատեցնէին գործատէրերը»,- ասում է նա: Այդ ամենին ավելացրած եղբայրասպան պատերազմը ստիպել էր իր տնտեսությունը մարդավայել կազմակերպելու ուրիշ տեղ փնտրել:
Մանկության անարև օրերին նրան տպավորիչ ձևով հուսադրել էին Տարզանի սխրանքները աֆրիկյան կուսական անտառների ու կենդանական հետաքրքիր աշխարհի ընկերակցությամբ, որի մասին հիշողությունը չէր լքել նրան ու շարունակում էր մղել դեպի սխրանքներ ու բնություն: Այնտեղ, սակայն, անտեսված կամ շահագործվող բնության հետ զուգահեռ քաղցից խոշոր բացված աչքերով երեխաներ էին ու նրանց կյանքը տնօրինող կաշառակեր պաշտոնյաներ: Այնուամենայնիվ, Վազգենի մեջ նստած Տարզանը չի հանձնվում, նրա «քիչ մը ջղուտ կեցուածքը, պաշտօնով իրմէ բարձր անձնաւորութիւններուն հակադրուելու ու բարձրերէն թշնամիներ վաստակելու մոլութիւնը, տեղացիներուն զարմանքին ու հիացմունքին կ’արժանացնէր զինք»:
Մինչ Վազգենը տեղացին իր իմացած անտառային օրենքներով էր դիտում իրենից ուժեղ եղողին ու նրա անարդար վերաբերմունքը: Իսկ Վազգենը շատ բան է փոխում այնտեղ թե՛ որպես բնիկների համար բանիմաց, արդար, բարեգութ ու մարդասեր գործատու և թե՛ որպես նրանց իրավունքները իրենց ցեղակից պաշտոնյաների մոտ պաշտպանող: Անշուշտ, փտախտը չէր կարող հանդուրժել Վազգենի նման իրեն հակադրվող անձին, ու նրան խոցելու փնտրտուքների մեջ էր՝ հասնելով մինչև երկրից նրան վտարելու պահանջին:
Անիրավունք ապրողների այս երկրում գործող հայը երբեմն խոհերի ու ինքնախոստովանությունների գիրկն է ընկնում, որոնք ընթերցողի մեջ կարող են սխալ տպավորություն առաջացնել: Սակայն Վազգենը ոչ թե հուսահատվում կամ ափսոսում է արածի համար, այլ նրա այդ մտքերը գրողի համար հաճախ իրականությունը ավելի ռեալ, ճշգրիտ նկարագրելու հիմք են դառնում: Ինչպես՝ «Ինչքան ալ փտախտը հայրենիք ու հասցէ չունենայ եւ տիեզերքը դարձած ըլլայ ատոր թատերաբեմը... Երանի ես ալ հիւր մասնագէտներու նման միւս կողմ կարենայի նայիլ ու անյագօրէն օգտուիլ երկրին բարիքներէն: Ինծի մրցակից գործատէրերը, զիս տեղացի բանուոր դասակարգը «փճացնելու» յանցանքով կ’ամբաստանեն: Քանի որ ձեռքս անցած մարդկային այդ հում նիւթէն կը փորձեմ վաղուան հպարտ ու գիտակից ափրիկեցին կերտել, անոր վիզէն անցուած շղթային ու մէջքին կորութեան տրուած մտրակի հարուածներուն փոխարէն»:
Վազգենի տխրությունն ու խոր ափսոսանքն այստեղ այլ բանի համար էին, և դա այն էր, որ՝ «կաշառակերութեան որդը կաշառքի դէմ պայքարելու կոչուած ատեանէն ներս ալ թափանցեր է»: Այնուամենայնիվ, Վազգենը սեփական ժողովրդի ճակատագրով ապրող զավակ էր: Այդ գիտակցումը վեպում անընդհատ ուղեկցում է հերոսին, որը շատ հետաքրքիր ու տիպիկ ներկայացման մի տարբերակ ունի: Դա հայի և երկնաքարի՝ իրար նկատմամբ ունեցած վերաբերումի մասին է: ՈՒր էլ գնա, որ կողմ էլ թեքվի, դառը բախտը երկնաքարի պես զարկվում է հենց հայի գլխին: Ասվածը նույնիսկ հումորի է վերածվում այն իմաստով, ըստ որի, եթե որևէ տեղ երկրագնդի կողքից երկնաքար անցնի, այն պետք է անպայման հայի գլխին քսվելով անցնի: Այսպես է մտածում Վազգենը: Ինչու՞: Հարցի պատասխանը հեղինակը փորձում է գտնել ըստ Վազգենի տրամաբանության, որը «...ավելի հաւանականութիւն ունէր երկնաքարի զարնուիլ, քան առանց յոգնութեան ու ծով քրտինքի օրուան հանապազօրեայ հացը ուտել...»: Ահա և հայի խոցելի կրունկը, որ բաց դրված է փտախտով տարված աշխարհի առաջ: Այն առանց աշխատանքի կերած հացի հարամ լինելու մասին է:
Պողոս Գուբելյանին հաջողվել է իրական պատմությունների համար դինամիկ մի այնպիսի ոճ ստեղծել, որն անկանգ, անհանգիստ հետաքրքրությունների մեջ է պահում ընթերցողին:
Գրքում հեղինակը վարպետորեն է ներկայացրել իր հերոսի կյանքի պատմությունը նորանկախ մի երկրում, որտեղ, ինչպես ինքն է ասում՝ մերկն ավելի մերկ մնաց, երբ գաղութատերերին փոխարինելու եկան սեփական վաշխառուները: Պատճառները հստակ են, խիստ տրամաբանված հեղինակի կողմից, որն այդ ամենը բացում է էջ առ էջ՝ պաշտոնական ատյաններում ընթացող խոսակցությունների, իրավաբանական գործընթացների, գիշերային ակումբների, բանսարկությունների, կաշառքով լեցուն պայուսակներով գործեր հաջողողների պատմություններն անելով: Վազգենն իր ներդրած աշխատանքով ու կենցաղով հակադրվում է շահագործվող բնիկների թուլամորթությանը, ծուլությանը, անգիտությանը, փնթիությանը: Այստեղ նա լավ է ճանաչում փտախտին տրված մարդու տեսակն ու նրա էությունը, այնուամենայնիվ, որքան էլ զգույշ է գործում, չի կարողանում խուսափել նրանց սադրանքներից. հրո ճարակ են դառնում տունն ու մեքենաների իր արտադրամասը, բայց այստեղ էլ նա կանգնում է հրդեհից տուժած իր բանվորների կողքին: Աֆրիկյան նոր զարգացող երկրում Վազգենը հույսի շող էր ու պայքարող մարտիկ:
Հայությունն ու հայկականությունը վեպում ոչ ցուցադրաբար, բայց ներկա է ողջ պատումի ընթացքում: Այն իր մասին երբեմն հիշեցնում է ընդամենը մի փոքրիկ, բայց խոսուն շտրիխով: Այդպիսին է նաև Վազգենի բնակարանի նկարագրության մեջ իբրև հայկականություն ոչ ցուցադրաբար ներկայացված ծիրանի ծառը. «...քանդակուած արձանիկները, տարածուող նէօնին հակադրուելով, յատուկ խորհրդաւորութիւն կու տային ընդհանուր տեքորին: Ասոնց վրայ կաւելնար, ծիրանի արուեստական ծաղկուն ծառ մը, որ յաւիտենական գարնան տպաւորութիւն կը փոխանցէր...»:
Գործողությունների անկանգ դինամիկան չի խանգարում աֆրիկյան երկրի առանձնահատկությունները նկարագրել պահի մեջ, բայց շատ տպավորիչ, ասես, մութ իրականության վրա հայտնված լույսի մի շողի մեջ: Ահա՝ «Վարչապետարանի բաց դեղին կառոյցին կուպրի իր սեւութեամբ հակադրուող տասնապետ մը, մենտէ ցեղէն...»: Դեղինի ու սևի այս հակադրությունը նույն լույսի ու մութի հակադրությունն էր, որի մեջ գործել է Վազգենը:
Ժամանակագրական տարբերություններ ունեցող պատումներն իրար հետ շաղկապված ներկայացնելու վարպետություն, բարոյազուրկ, ողբերգական իրավիճակների հետ զուգահեռվող և դրանք ավելի ցայտուն դարձնող նուրբ հումոր, սրամտություն... որոնք խոսում են գրողական վարպետության մասին: Նորանկախ, բայց ավելի վատ վիճակում հայտնված երկրի շնչառությունն այնքան հասանելի էր հեղինակին, ասես իր մարմնի յուրաքանչյուր բջիջով էր նա զգացել այդ ամենը:
Կարճ ու համառոտ մեկ նախադասության մեջ էլ նա տալիս է գործող իրականության այն ընթացքը, որը համահունչ ու տիպական է, ընդհանրապես, փտախտի գործելաոճի համար. «Բռնութեամբ չկարենալով յեղաշրջել մարդը, սկսած էին վարդապետութիւններով ու քաղաքական նոր կարգախօսներով արիւն հեղել...»:
Բավական է ընթերցել Սուրբ Ծննդյան առթիվ երգչախմբի ելույթներին Կերա Լեմոնի վարչապետի մասնակցության ու նրա անվարժ, զավեշտի հասնող կատարումների նկարագրությունը՝ հասկանալու համար նույն պաշտոնյայի ինքնահաղթահարման, վրեժի ծարավը հագեցնելու, տիրողի կարգավիճակն ըմբոշխնելու մղումները:
Պողոս Գուբելյանի վեպը փոքր ազգերին, խավարի մեջ խարխափողներին, ճնշվածներին ու, ընդհանրապես, փտախտի զոհերին ձեռք մեկնող հայի մասին է: Վազգենը մարդասիրության ճանապարհով քայլող հայերից մեկն է, պատրաստ՝ այդ ճանապարհը մաքրելու անգամ ծանր երկնաքարերից, դրանով իսկ նույն մարդասիրությունը խոցելի իրավիճակներից հանելով վեր բարձրացնելու: Ասվածից զատ՝ վեպը աֆրիկյան երկրների ու ցեղերի անկախացման, քաղաքակրթման պատմության համար իր նշանակալի ավանդն ունի, որը հավուր պատշաճի ընդունվելու արժանի է նաև այս իմաստով:
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ